Մեղրու Նռնաձոր բնակավայրում այս պահին 6 ընտանիք տուն է կառուցում՝ օգտվելով 16 մլն դրամ պետական ֆինանսավորման ծրագրից։ Բացի նրանցից այս գյուղից էլի բնակիչներ կան, որ դիմել են ծրագրին։
Մարտի 21-ին Նռնաձոր այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նռնաձորցիներին տեղեկացրեց 2024 թվականին գյուղում սպասվող այլ ծրագրերի մասին եւս, մասնավորապես սուբվենցիոն ծրագրով կսկսվի 25 երեխայի համար նոր մանկապարտեզի կառուցումը։
Ծրագրի արժեքը՝ 96 մլն դրամ, որի մեջ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը՝ 80 տոկոս, համայնքինը՝ 20 տոկոս։
Այս տարի պետական ֆինանսավորմամբ կսկսվի դեպի Նռնաձոր տանող նոր ճանապարհի (Մ17- Նռնաձոր – Հ49 ավտոճանապարհ) կառուցումը։ Առաջին փուլի ճանապարհաշինության մրցույթը հայտարարված է, այն կկայանա ապրիլի 12-ին։
Ծրագրի նախահաշվային արժեքը 3 մլրդ 604 մլն 489 հազար դրամ է, ճանապարհը կլինի ավազակոպճային ծածկով։
Հաջորդ փուլի ծրագրով նոր ճանապարհը կասֆալտապատվի։
Այս մասին marzer.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
0 Մեկնաբանություն