Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչեւ տարվա վերջ։
Մարտի 28-ին կայացած կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։ Ընդլայնում ենք նաեւ շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաեւ շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված եւ ծնվող երեխաները կամ մինչեւ 18 բոլոր տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն եւ կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
0 Մեկնաբանություն