Այսօր մեզ հասցեագրվել են ահազանգեր, որոնց համաձայն` Ոստիկանությունն օրենքի խախտմամբ բերման է ենթարկում «Մարտական եղբայրություն» խմբի անդամներին՝ «ապօրինի կերպով զենք եւ զինամթերք կրելու» հանցանք կատարելու կասկածանքով: Այս մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում:
Ըստ ահազանգերի` Ոստիկանության այսօրվա գործողություններից մոտ մեկ շաբաթ առաջ խումբը ծանուցում էր ուղարկել իրավասու մարմիններին՝ Ոսկեպար իրենց այցի վերաբերյալ: Մարտի 22-ից, այսինքն` ուրբաթ օրվանից խմբի անդամներին զանգել են Ոստիկանությունից եւ «հրավիրել զրույցի»: Մեծ մասը չի գնացել` նշելով, որ հրավերներն անօրինական են:
Ըստ մեզ հասցեագրած ահազանգերի` երեկ խմբի անդամները Ոստիկանությունից ստացել են զգուշացումներ այն մասին, որ խմբի անդամներից որեւէ մեկը չի հասնելու Ոսկեպար, եթե որոշեն իրականացնել այցը: Ոստիկանությունից իրենց սպառնալիքով տեղեկացրել են` քանի որ «Մարտական եղբայրությունը» մարտական պարապմունքներ է վարում, այդ փաստը կասկածի տակ չի դնի ձեւավորելու հանրային ընկալում այն մասին, որ խումբն ապօրինի զենք-զինամթերք է կրում:
Ահազանգի պնդմամբ` «Մարտական եղբայրությունը» արդեն մեկ տարի է, ինչ ունի համապատասախան թույլտվություն եւ կնքված հուշագիր Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ՝ պարապմունքներ իրականացնելու վերաբերյալ ու իրենց կողմից օգտագործվեղ բոլոր զենքերի համար առկա են համապատասխան թույլտվություններ:
Բայց հաշվի առնելով ձերբակալվելու Ոստիկանության նախազգուշացումը՝ իրենք որեւէ տեսակի օրինական զենք կամ զենքի կաղապարվածք իրենց հետ չեն ունեցել:
Այսօր առավոտյան խմբի անդամների մեկնելու պայմանավորված վայրում՝ Երեւանի Աբովյան 60 հասցեում, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության ներկայացուցիչները, որտեղ գտնվող բոլոր անդամներին բերման են ենթարկել:
Խմբի այն անդամները, ովքեր պատերազմի եւ/կամ նախկինում ռազմական գործողությունների են մասնակցել եւ ունեն որոշակի հանրային ճանաչում՝ բերման են ենթարկվել հենց իրենց տներից կամ տանից դուրս գալիս:
Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ թե´Երեւանում, թե´ Ոսկեպարում:
Վերջիններիս մի մասին Ոստիկանության ներկայացուցիչները Ոսկեպարում են հայտնել, որ նպատակահարմար չէ նրանց այդտեղ գտնվելը:
Ահազանգողները հայտնել են, որ Ոստիկանությունն անձանց բերման ենթարկելիս կիրառել է օրենքը խախտող անհամաչափ ուժ:
Բացի խմբի անդամներին բերման ենթարկելուց, խմբի անդամների ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանությունը սկսել է համատարած խուզարկություններ: Ըստ ահազանգի՝ դրանք առանց դատարանի համապատասխան որոշման են:
Բերման ենթարկվածներին չի տրվել զանգի կամ տեղեկացնելու հնարավորություն։
0 Մեկնաբանություն