Գորիսի ավտոճանապարհներին՝ մառախուղ է
Մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Տեղումներ՝ նաեւ թաց ձյան տեսքով
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 9-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան եւ թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը
Մարտի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան 2-5 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երեւան քաղաքում մարտի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Մարտի 11-14 սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն». Սյունիքի մարզպետ
Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առեւտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարեւոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, եւ ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում արդեն իսկ խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից»։
Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ այցելել է տարածաշրջան։
Հանդիպման ընթացքում ԻԻՀ-ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը։
Ամեն ինչ այսօր արեք․ Գագիկ Սուրենյան
«Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մութ է եւ ցուրտ»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ճաննաչողական այցով Վանաձորի բժշկական կենտրոն էր այցելել Ֆրանսիայի դեսպանը
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին օրերս Վանաձորի բժշկական կենտրոնում էր։ Նրան դիմավորեց կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը։ Տնօրենի աշխատասենյակում առանձնազրույց ունենալուց հետո՝ հյուրերը շրջել են բժշկական կենտրոնում գործող՝ «Ազնավուր» հիմնադրամի եւ Ֆրանսիայի կառավարության օժանդակությամբ եւ ջանքերով ստեղծված վերականգնողական կենտրոնում:
Վահագն Մկրտչյանը պարոն դեսպանին է ներկայացրել բժշկական կենտրոնի հնարավորությունները, խոսել սպասվելիք ձեռքբերումների ու ծրագրերի մասին:
Դեսպան Օլիվյե Դեկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համագործակցությունը բժշկական կենտրոնի հետ:
Տարածաշրջանում եզակի, բազմաֆունկցիոնալ նորագույն սարքավորումներով հագեցված Վանաձորի բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի եւ վերականգնողական բժշկության բաժանմունքը տարեկան սպասարկում է վերականգնողական բուժման կարիք ունեցող 300-350 քաղաքացիների:
Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի ֆեյսբուքի էջը։