«Քաղաքացիական պայմանագիրը» դպրոց է բացել
Այսօր` մարտի 2-ին, կայացել է ժողովրդավարության դպրոցի բացումը։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դպրոցի բացմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մյուս հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։
«Disney»-ն առաջին անգամ մուլտֆիլմի փոքր դրվագով անդրադարձել է հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: Ֆիլմում կա Աստղիկ աստվածուհու կերպարը, որը «հայկական տարազ է հագցնում» Մինի Մաուսին՝ տոնին ավելի համահունչ լինելու համար:
էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Նրա խոսքով՝ ինքը որոշել է այն գրել իր մանկահասակ որդու համար։ Սա հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:
«Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում «Վարդավառ»-ը տոնելու համար: Մինիին, Միկիին եւ նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը հայկական ավանդական տարազ է կրում: Աստվածուհին իջնում է իր կախարդական տաճարից եւ ջուր է շաղ տալիս նրանց վրա»,-ասվում է նկարագրության մեջ:
Այդ իրադարձությունները տեղի են ունենում առասպելների եւ լեգենդների երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի եւ Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:
Աստղիկի կերպարը հնչյունավորել է Լիանա Բդեւին: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի։
Դրվագը հագեցած է հայկական մշակութային տարրերով: Մինին հայկական տարազ է կրում, խոսում են հայերեն, իսկ սիրված հերոսներ Չիփն ու Դեյլը թան են վաճառում, խորոված պատրաստում:
Մուլտֆիլմի այդ դրվագը միակն է, որով «Disney»-ն առաջին անգամ անդրադարձել է հայկական մշակույթին:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը հնարավոր է բացառապես եռակողմ հայտարարությունների հիման վրա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ կարգավորման համար եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա:
Ռուս նախարարը ուշադրություն է հրավիրել Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումներին, որոնք, ըստ նրա, որպես այլընտրանք կազմակերպվում են «արեւմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։
Լավրովը նշել է նաեւ, որ Բաքվում հաստատում են իրենց պատրաստակամությունը բոլոր հարցեր լուծել ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ մի շարք հայտարարություններին համապատասխան:
«Իմ կարծիքով, առաջընթացը (խմբ․ կարգավորման գործընթացում) կախված կլինի նրանից, թե որքանով ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։
Միաժամանակ, ՌԴ ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը ինչպես տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այնպես էլ սահմանազատման եւ, համապատասխանաբար, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն այդ հարցի լուծմանը նպաստելու համար հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել, որն արդեն այցելել է Բաքու եւ նախատեսում էր այցելել Երեւան։ «Երեւանի մեր գործընկերները նրա այցը չհաստատեցին»,- նշել է Լավրովը:
Նա ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը հետեւում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին եւ, դրանք հաշվի առնելով, կծրագրի սեփական գործնական քայլերը:
ՆԳՆ-ն զգուշացնում է՝ պահպանել կանոնները
Ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց աղետալի հետեւանքների, մահվան ելքով վրաերթերի մասին գրել եւ բարձրաձայնել ենք բազմիցս։ Իսկ վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։
Իրողություն, որը երթեւեկության բոլոր մասնակիցներին հուշում եւ պարտադրում է՝ լինել զգոն, ուշադիր եւ պատասխանատու։ Հարգել օրենքը, լինել օրինապահ եւ օրինահարգ, գիտակցել, որ երթեւեկության մեջ օրինազանցությունը անդառնալի հետեւանք տանող ամենակարճ ճանապարհն է։
ՆԳ նախարարությունն այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2024 թվականը հայտարարվել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։
Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու` 3895 եւ չամրակապված վարելու` 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլեւ երթեւեկության մյուս մասնակիցների համար։
Երթեւեկության հարգելի՛ մասնակիցներ, վերստին հորդորում ենք՝ օգտվել միայն, վերգետնյա, ստորգետնյա եւ գծանշված անցումներից, հետեւել լուսացույցի ազդանշանին, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը վարել միայն ամրակապված, հակառակ դեպքում հետեւանքները կարող են անդառնալի լինել, ողբերգություն բերել ոչ միայն ձեզ, այլեւ երթեւեկության այլ մասնակիցներին։
Նորագյուղ թաղամասը՝ Երեւանի նոր կենտրոն
Երեւանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում համայնքը դիտարկում է նաեւ Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը: Այն ոչ միայն հնարավորություն կտա Երեւանի պատմական թաղամասում համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլեւ լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հանդիպման ժամանակ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ քաղաքաշինական մասշտաբային ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձեւավորելու եւ կուտակված խնդիրներին լուծում տալու համար: «Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնն ու ձեւավորել նոր դիմագիծ՝ ժամանակակից Երեւանի համար»,- նշել է քաղաքապետը:
Կարեւորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը նշել է, որ տպավորված է թաղամասի աշխարհագրական դիրքով ու առանձնացված իր կոլորիտով:
«Ես երջանիկ եմ, որ կարողացա բացահայտել Երեւանը, տեսնել Արարատն ու մասնակցություն ունենալ նման նախագծի մշակման աշխատանքներին: Պարոն քաղաքապետ, շատ հավանեցի Ձեր գաղափարը, այն իրականում կարող է դառնալ բանուկ, աշխույժ ու հարմարավետ թաղամաս, որը նաեւ կից է կենտրոնին: Այս նախագծի մեջ մենք տեսնում ենք քաղաքաշինական պուրակ՝ Երեւանի գողտրիկ կենտրոնում»,- նշել է Ժան-Միշել Վիլմոտը:
Ֆրանսիացի ճարտարապետներն այս օրերին կշարունակեն ուսումնասիրել թաղամասի խնդիրները, զարգացման հեռանկարներն ու ներկայացնել հայեցակարգային առաջարկներ:
Վարորդներին եւ ուղեւորներին՝ պարտադիր ամրակապվեք
Կրկին հորդորում եւ զգուշացնում ենք բոլոր վարորդներին եւ ուղեւորներին` երթեւեկելիս պարտադիր ամրակապվել: Այս մասին զգուշացում է տարածել ՆԳՆ ոստիկանությունը:
«Երթեւեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարեւորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետեւողական: Պատահարների ծանր հետեւանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:
Կրկին հորդորում եւ զգուշացնում ենք բոլոր վարորդներին եւ ուղեւորներին` երթեւեկելիս պարտադիր ամրակապվել:
Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ:
Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղեւորներն անվերապահորեն չհետեւեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաեւ տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
Վերստին հորդորում ենք լինել օրինապահ եւ գիտակից ու մաղթում բարի երթ»:
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում էր
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ կառավարության անդամներ:
Քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:
Օդեսան ենթարկվել է անօդաչուի գրոհի. կան զոհեր
Ռուսական զորքերը գրոհել են Օդեսան անօդաչուներով. քանդվել է բազմահարկ շենքի մի մասը, հայտնի է յոթ վիրավորի եւ մի քանի զոհերի մասին, տեղեկացրել է УНИАН-ը։ Ինչպես տեղեկացնում է ԶԼՄ-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերին, գրոհը տեղի է ունեցել գիշերը։
Նշվել է, որ ութ հարվածային անօդաչուներ ուղղվել են Սեւ ծովի ջրավազանից դեպի Օդեսայի մարզ։ Մեկ ժամվա ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումները հակադարձել են գրոհին։ Արդյունքում՝ յոթ թիրախ ոչնչացվել է, սակայն անօդաչուներից մեկը Օդեսայում հարվածել է 9 հարկանի շենքին։
«Մուտքի մի մասը՝ 18 բնակարանից բաղկացած, քանդվել է։ Արդեն հայտնի է զոհված մարդու եւ 7 տուժածի մասին, որոնց մեջ կա մի հղի կին եւ փոքր երեխա»,- նշվել է հաղորդագրությունում։
Այժմ շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։
Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ են մնացել։ 07.00-ի դրությամբ փրկվել էր 7 տուժած անձ, հայտնաբերվել են 2-ի մարմինները։ Տեղում աշխատում են հոգեբանները։ Որոնումներին ներգրավված են կինոլոգներ։ Կա տաքանալու կետ։
Աշխատանքներին ներգրավված են 20 միավոր տեխնիկա եւ 91 փրկարար։
Օդեսայի քաղաքապետարանում նշել են, որ վնասվել են ինժեներային ցանցը եւ կաթսայատունը, ջեռուցումն անջատվել է։ Օդեսայի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մի մուտք փլուզվել է հիմնովին։
«Հղի կինը միջին ծանրության վիճակում է, եւս երեք մարդ հոսպիտալացվել է, նրանց մեջ՝ 26-ամյա մի աղջիկ ծանր, մյուս երկուսը՝ միջին ծանրության վիճակում են։ Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ։ Երեք մարդիկ, ներառյալ երեք տարեկան մի երեխա, օգնություն ստացել են տեղում»,- տեղեկացրել է նա։
Ռուստամ Բաքոյանը ներողություն է խնդրելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի:
Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով»:
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։
Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարեւորել է ՀՀ ՊԵԿ եւ ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային եւ մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը եւ դրանց հետագա զարգացման կարեւորությունը։
Էդրիան Ֆոզզարդը, իր հերթին անդրադառնալով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ հաստատված երկարամյա համագործակցությանը, նշել է, որ վերջինս որպես մաքսային եւ հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հարկային եւ մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության եւ վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը եւ ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին եւ մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են ստանձնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունակական ընթացքը։
Ստուգումներ Հանրային ռադիոյում․ «Հրապարակ»
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված տխրահռչակ հարցազրույցին Ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձից մոտ 20 օր անց պատկան մարմինները ստուգումներ են սկսել Ռադիոյում։ Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից ստուգումներ է իրականացնում ՀՌ-ում: Խոշորացույցով ուսումնասիրում են ռադիոյի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերը, դրանց համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը։ Որոշ տեղեկություններով, ստուգումները կավարտվեն մարտի 10-ին։
Ամբողջական հոդվածը այստեղ