«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: Ֆիլմում կա Աստղիկ աստվածուհու կերպարը, որը «հայկական տարազ է հագցնում» Մինի Մաուսին՝ տոնին ավելի համահունչ լինելու համար:
էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Նրա խոսքով՝ ինքը որոշել է այն գրել իր մանկահասակ որդու համար։ Սա հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:
«Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում «Վարդավառ»-ը տոնելու համար: Մինիին, Միկիին եւ նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը հայկական ավանդական տարազ է կրում: Աստվածուհին իջնում է իր կախարդական տաճարից եւ ջուր է շաղ տալիս նրանց վրա»,-ասվում է նկարագրության մեջ:
Այդ իրադարձությունները տեղի են ունենում առասպելների եւ լեգենդների երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի եւ Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:
Աստղիկի կերպարը հնչյունավորել է Լիանա Բդեւին: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի։
Դրվագը հագեցած է հայկական մշակութային տարրերով: Մինին հայկական տարազ է կրում, խոսում են հայերեն, իսկ սիրված հերոսներ Չիփն ու Դեյլը թան են վաճառում, խորոված պատրաստում:
Մուլտֆիլմի այդ դրվագը միակն է, որով «Disney»-ն առաջին անգամ անդրադարձել է հայկական մշակույթին:
0 Comments