Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդության քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին Ավան Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում («Մասիվի» դատարան, Գլուլիքեւխվյան 20)։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Արտակ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին:
Խորհրդարանը նաեւ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու՝ կալանավորման համաձայնություն տվեց։
Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, քրեական վարույթը գտնվում է նախնական փուլում, եւ դեռեւս չեն հարցաքննվել այն անձինք, որոնք կարող են տեղեկություններ տալ ենթադրյալ հանցագործության պլանավորման եւ իրականացման մասին։
Դատախազը նշեց, որ Արթուր Սարգսյանը մտերիմ կապեր ունի այդ անձանց հետ եւ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ազդեցություն գործադրել նրանց վրա, խոչընդոտել վարույթին կամ ոչնչացնել գործով կարեւոր ապացույցներ։
0 Comments