Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Վազգեն Սաղաթելյանը։ Դատարանը որոշումը հրապարակել է այսօր՝ մարտի 23-ին։
Նշենք, որ երեկ՝ մարտի 22-ին կալանավորվել էր փոդքասթի մյուս վարողը՝ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են համատեղ վարվող փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն:
Մասնավորապես, քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների եւ իշխանության ներկայացուցիչների հասցեին:
0 Comments