Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նա եւ նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երեւանի Ազատության հրապարակում եւ երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, ինչի հետեւանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին:
0 Comments