Մարտի 24-ի վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը: Կորել է կապը նաեւ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ։
«Մարտական եղբայրության» անդամները այսօր՝ մարտի 24-ին նախատեսսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները: Նրանց ոստիկանությունից հորդորել էին չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին ի պատասխան «Եղբայրության» ներկայացուցիչները առաջարկել էին փոխզիջումային լուծում՝ գնալ Բաղանիս, որը նույնպես մերժվել էր:
«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
Մարտական «Եղբայրության» նկատմամբ ռեպրեսիաները եւ քաղաքական հետապնդումները կշարունակվեն։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։
Մենք դա հասկանում եւ գիտակցում ենք։ Միաժամանակ մենք գիտակցում ենք նաեւ պայքարի այլընտրանքի բացակայությունը եւ, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։
Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։
Hraparak.am-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել եւ տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:
0 Comments