Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ կարգավորման համար եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա:
Ռուս նախարարը ուշադրություն է հրավիրել Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումներին, որոնք, ըստ նրա, որպես այլընտրանք կազմակերպվում են «արեւմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։
Լավրովը նշել է նաեւ, որ Բաքվում հաստատում են իրենց պատրաստակամությունը բոլոր հարցեր լուծել ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ մի շարք հայտարարություններին համապատասխան:
«Իմ կարծիքով, առաջընթացը (խմբ․ կարգավորման գործընթացում) կախված կլինի նրանից, թե որքանով ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։
Միաժամանակ, ՌԴ ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը ինչպես տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այնպես էլ սահմանազատման եւ, համապատասխանաբար, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն այդ հարցի լուծմանը նպաստելու համար հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել, որն արդեն այցելել է Բաքու եւ նախատեսում էր այցելել Երեւան։ «Երեւանի մեր գործընկերները նրա այցը չհաստատեցին»,- նշել է Լավրովը:
Նա ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը հետեւում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին եւ, դրանք հաշվի առնելով, կծրագրի սեփական գործնական քայլերը:
0 Комментарий